Արագածոտնի մարզ

  • Ամբերդի ամրոցը
  • Ամբերդում ամրոց է եղել դեռևս վաղնջական ժամանակներից։ Ամբերդի տարածքում կան կիկլոպյան շինությունների մնացորդներ, իսկ մոտակայքում՝ վիշապաձկների քարակոթողներ։ Բրոնզի դարում կառուցվել է ուրարտական բերդաքաղաք, հավանաբար տեղանքի բնական ամրության պատճառով։ Որպես բերդ-ամրոց այն հատկապես հայտնի էր հելլենիստական ժամանակաշրջանում և Քրիստոսի ծնունդից հետո, երբ այն կառուցվել է` հետագայում ընդարձակվելով և պարբերաբար վերանորոգվելով։

 

  • Բյուրականի հայտնի աստղադիտարանը,
  • Բյուրականի աստղադիտարանը գտնվում է Արագած լեռան հարավային լանջին՝ Հայաստանի Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում։ Նրա կոորդինատներն են 40°20′07″Հյ 44°16′25″Աե։ Գտնվում է Երևանից 50 կմ հյուսիս, 1500 մետր բարձրության վրա։Աստղադիտարանը կազմված է երկու մասից՝ բնակելի ավանից և գործառնական մասից, որը ներառնում է դիտաշտարակները, վարչական և լաբորատորիայի շենքերը, ժողովասրահը և հյուրերի տունը։ Արտաքին մուտքի աստիճանավանդակը ունի յուրահատուկ ճարտարապետական ոճ։

 

  • Սաղմոսավանք
  • Սաղմոսավանք, հայկական առաքելական վանական համալիր Հայաստանի Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում։ Կառուցվել է 13-րդ դարում Այրարատյան կողմնակալության կողմնակալ Վաչե Ա Վաչուտյանի և իր իշխանական ընտանիքի կողմից։ Սաղմոսավանքի վանական համալիրը գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում, Քասախ գետի ձախ, բարձրադիր գեղատեսիլ հատվածում, Երևանից 37 կմ հեռավորության վրա։

 

  • Հովհանավանք
  • Վաչուտյանաշեն կառույցները
    Հովհաննավանքի կենտրոնագմբեթ Կաթողիկե եկեղեցին 1216-1221 թթ-ին կառուցել է Արարատյան կողմնակալության կողմնակալ-հրամանատար, իշխանաց-իշխան Վաչե Ա Վաչուտյանը, կնոջ՝ Հասանի դուստր Մամախաթունի համագործակցությամբ։ Կառուցելով այս շինություը Վաչե Ա-ն շեշտել է իր էթնիկական հավատարմությունը Գրիգոր Լուսավորչի ավանդույթին։ Վերասլաց շինությունը շքեղորեն նստած է Քասաղի կիրճի ուղղահայաց ելուստի վրա։ Եկեղեցու արևելյան պատը կարծես ուղղակի ձորապռնկի շարունակությունն է։ Եկեղեցին ներքուստ խաչաձև է և այդ տեսքն ստացել է շինության չորս անկյուններում տեղադրված կրկնահարկ ավանդատների շնորհիվ։

 

  • Ագարակի բրոնզեդարյան հնատեղի
  • Ագարակի հնավայրը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի մոտակայքում, Երևան-Գյումրի (M1) ավտոճանապարհի հարևանությամբ` ճանապարհի աջ և ձախ կողմերում: Հնավայրի միջին բարձրությունը ծովի մակարդակից` 1088 մետր է։ Այն իրենից ներկայացնում է ժայռափոր և քարափոր կառույցների վաղ բրոնզեդարյան հսկա համալիր: Ագարակում կհամոզվեք, որ մարդկային երևակայությունը սահմաններ չի ճանաչում:

 

  • Արուճի քարավանատուն
  • Արուճի քարավանատունը գտնվում էր Բագրատունյաց մայրաքաղաք Անին և Դվինը իրար կապող ճանապարհին, որը Հայաստանով անցնող Մետաքսի ճանապարհի մի հատվածն էր։ Այս ճանապարհն անցնում էր Արարատյան հարթավայրի բնակավայրերով` պտտվելով Պարսկաստանի, Բյուզանդական կայսրության, Վրաստանից հյուսիս և Կասպյան ու Կենտրոնական Ասիայից արևելք ընկած տարածքներով։ Միջնադարյան իջևանատները կառուցվում էին մայրուղիների, առևտրային ճանապարհների վրա, մեծ քաղաքներում։ Դրանք մեծ նշանակություն ունեին միջազգային քարավանային առևտրի զարգացման համար։

 

  • Թալինի սբ. Կաթողիկե եկեղեցի
  • Թալինի Կաթողիկե եկեղեցի (մասնագիտական գրականության մեջ հիշատակվում է նաև որպես Թալինի մեծ տաճար), եռախորան գմբեթավոր բազիլիկ տիպի եկեղեցի Հայաստանի Արագածոտնի մարզի Թալին բնակավայրի հյուսիսարևելյան եզրամասում։ Բազիլիկ և խաչաձև եկեղեցիների յուօրինակ զուգորդական նմուշ է։ Տաճարի կառուցման վերաբերյալ մատենագրական և վիմագրական վկայություններ չեն պահպանվել, սակայն հատակագծային և ծավալատարածական հորինվածքների, ճարտարապետագեղարվեստական արտահայտչամիջոցների ու շինարարական առանձնահատկությունների վերլուծությունը ենթադրել են տալիս, որ այն կառուցվել է 7-րդ դարի երկրորդ կեսին։ Շինարարությունը վերագրվում է Կամսարական տոհմին։

 

  • Դաշտադեմի ամրոց

Դաշտադեմի ամրոցը Հայաստանի ամրաշինական համակարգի եզակի համալիրներից մեկն է։ Բաղկացած է միջնադարյան դղյակից, որն, իր հերթին, պարփակված է 19-րդ դարի սկզբին կառուցված արտաքին մեծ պարսպով։ Ամրոցից դուրս՝ հարավային կողմում, տարածվում է միջնադարյան գյուղատեղին՝ բնակելի և արտադրական համալիրներով, գերեզմանոցներով և առանձին կանգնեցված խաչքարերով։

Դաշտադեմի միջնադարյան դղյակը

Ամրոցի հիմնադրման և պատմության վերաբերյալ գրավոր սկզբնաղբյուրները սակավաթիվ են։ Առաջին թվակիր աղբյուրը միջնաբերդի հարավարևմտյան աշտարակի վրա պահպանված արաբերեն արձանագրությունն է, որի համաձայն՝ Սուլթան իբն Մահմուդ իբն Շավուր Շադդադյանը 1174 թվականի սեպտեմբերին հիմնում է այս շինությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով