Շիրակի մարզ

Շիրակի մարզը արտաքին սահման ունի հարևան երկու պետության`   Թուրքիային և Վրաստանին: Աշխարհագրական դիրքի առանձնահատկություններից է նաև այն, որ Վրաստանի տարածքը`   Շիրակի մարզին հարող պետական սահմանի ամբողջ երկայնքով հիմնականում հայաբնակ է:

Շիրակի մարզն իր անունը ստացել է պատմական Հայաստանի Այրարատ աշխարհի Շիրակ գավառից, որն ավելի ընդարձակ տարածություն էր գրավում:

Մարզի բնական պայմանները և հարստությունները

Շիրակի մարզում է գտնվում Աշոցքի սարահարթը, որի բարձրությունը 1800-2200 մետր է: Աշոցքի սարահարթում օդի բացարձակ նվազագույն ջերմաստիճանը իջնում է մինչև -46°: Դա Հայկական լեռնաշխարհի «ցրտի բևեռն է»: Այստեղ է գտնվում Արփի լճի ջրամբարը:

Երկրակեղևի շարժումները Շիրակում տակավին շարունակվում են: Անցած դարում տեղի են ունեցել 1926 և 1988 թվականների ավերիչ երկրաշարժերը:

Մարզի միակ խոշոր գետը Ախուրյան գետն է, որը սկիզբ է առնում Արփի լճից: Գետի ակունքի վրա կառուցվել է ամբարտակ, և բնական լիճը վերածվել է ջրամբարի: Թուրքիայի հետ սահմանային տեղամասում Ախուրյանի վրա կառուցվել է Ախուրյանի ջրամբարը, որը խոշորագույնն է Հայաստանում:

Մարզի տարբեր մասերում հանդիպում են ուրարտական սեպագիր արձանագրություններ, տարբեր ժամանակների բերդերի ու ամրոցների ավերակներ, կամուրջների հետքեր, այլ հնություններ: Պետական սահմանից այն կողմ, Թուրքիայի տարածքում, ընդամենը մի քանի կմ-ի վրա երևում են Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անիի ավերակները:

Մարզի բնակչությունը

Շիրակի բնակչության թիվը և ազգային կազմը մեծ փոփոխություններ են կրել հատկապես վերջին հարյուրամյակներում: Հայ Բագրատունիների թագավորության անկումից հետո (որի մեջ էր մտնում մարզի ներկա տարածքը) Հայաստանը երկար ժամանակ դառնում է պատերազմական ակտիվ գործողությունների և օտար նվաճողների ասպատակությունների թատերաբեմ: Նվազում է հայ բնակչությունը: Ռուսաստանին միանալուց հետո Արևմտյան Հայաստանից վերաբնակված հայության մի զգալի մասը հաստատվում է այստեղ և մեծացնում բնակչության թվաքանակը:

Բնակչությունը մեծ կորուստներ է կրել 1918 և 1920 թվականների թուրքական կրկնակի բռնազավթման ժամանակ, երբ զավթիչների կողմից կատարվել են խաղաղ բնակիչների զանգվածային կոտորածներ: Տասնյակ հազարավոր մարդիկ զոհվեցին կամ արտագաղթեցին 1988թ. երկրաշարժի պատճառով:

Քաղաքները

Շիրակի մարզկենտրոնը Գյումրի քաղաքն է: Այն Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքն է: Գյումրին ընկած է ՀՀ պետական սահմանից ոչ հեռու, Շիրակի արգավանդ դաշտի կենտրոնական տափարակ տեղամասում, Ախուրյանի վտակ Գյումրիգետի ափին:

Գյումրի բնակավայրը գրավոր աղբյուրներում հիշատակվում է հնագույն ժամանակներից`   Կումայրի, ապա Գյումրի անունով: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո այն վերանվանվել է Ալեքսանդրապոլ, խորհրդային ժամանակներում կոչվել է Լենինական:

Մինչև Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին, Գյումրին եղել է մի աննշան գյուղ: Նրա տնտեսական նշանակությունը կտրուկ աճել է, երբ այստեղ, ռուս-թուրքական սահմանագլխին հիմնվել է ռուսական բազմամարդ կայազոր, կառուցվել է Ալեքսանդրապոլի բերդը, ստեղծվել են զինվորական ավաններ`   քաղաքի թաղամասեր, որոնք հայտնի են դառնում Կազաչի պոստ և Պոլիգոններ անուններով: Ալեքսանդրապոլի տնտեսական կյանքը և բնակչության արտադրական զբաղմունքը սկսում են հարմարվել զինվորական կայազորի տնտեսական պահանջներին: Արագ թափով զարգանում է արհեստագործությունը:

Քաղաքի զարգացմանը նոր խթան է հաղորդում Թբիլիսի-Գյումրի-Կարս և Գյումրի-Երևան-Նախիջևան երկաթուղու և Գյումրի երկաթուղային դեպոյի կառուցումը: 1914թ. արդեն Գյումրիի բնակչությունը գերազանցում էր 30 հազ. մարդուց, այսինքն`   այնքան էր, ինչքան Երևանի բնակչությունը, իսկ զինվորական կայազորի հետ միասին`   ավելի շատ:

Խորհրդային իշխանության հաստատումով և Կարսի մարզը Թուրքիային անցնելով Գյումրին կրկին հայտնվեց պետական սահմանի վրա: Սակայն այդ հանգամանքը քաղաքի զարգացումը ոչ թե խթանող, այլ խոչընդոտող գործոն դարձավ:

Այդուհանդերձ քաղաքը զարգանում էր: 1980-ական թվականների վերջին նրա բնակչությունը հասել էր 230 հազարի: Ստեղծվել էր բազմաճյուղ արդյունաբերություն, որտեղ առաջատար էին տեքստիլ, սննդի և մեքենաշինական ճյուղերը: Գործում էին բարձրագույն ուսումնական հաստատություններ, գիտահետազոտական հիմնարկներ, ակտիվ էր մշակութային կյանքը:

Գյումրիի համար ողբերգական եղավ 1988թ. դեկտեմբերի 7-ը, երբ երկրաշարժը վայրկյանների ընթացքում կործանեց քաղաքի մեծ մասը: Ավերվեցին ու շարքից դուրս եկան քաղաքի գրեթե բոլոր գործարաններն ու ֆաբրիկաները, դադարեց գործելուց քաղաքային տնտեսությունը`   տրանսպորտը, ջրամատակարարումն ու էլեկտրամատակարարումը: Եղան մեծաթիվ զոհեր: Տասնյակ հազարավոր ընտանիքներ հեռացան Գյումրիից:

Կազմվեց քաղաքի նոր հատակագիծ, ստեղծվեց շինարարական հզոր բազա, սկսվեց քաղաքի վերականգնումը: Աշխարհի տարբեր երկրներ անմիջականորեն մասնակցում եին վերականգնման աշխատանքներին: Սակայն ԽՍՀՄ-ի փլուզումը անհնար դարձրեց վերականգնման ծրագրի իրականացումը: Այն մնաց անավարտ:

Ներկայումս վերսկսված է Գյումրիի վերականգնումը, որը կատարվում է հայ մեծ բարերարների միջոցներով ու ջանքերով:

Շիրակի մարզի մյուս քաղաքներն են Արթիկը և Մարալիկը:

Գյումրիում կանգնեցված է աշխարհահռչակ շանսոնյե և մեծագույն հայ բարերար`   Շառլ Ազնավուրի արձանը: Անգնահատելի է նրա ցուցաբերած օգնությունը Գյումրեցիներին և, ընդհանրապես, ամբողջ Հայ ժողովրդին:

Աշխարհագրություն

Մարզի տարածքում են գտնվում Արփի լիճ-ջրամբարը, Ախուրյանի ջրամբարի հայկական հատվածը և Մանթաշի ջրամբարը։ Շիրակի մարզի կենտրոնական և հարավային հատվածում տարածվում է Շիրակի դաշտը, իսկ հյուսիսային շրջանում`   Աշոցքի սարահարթը, միաժամանակ Շիրակի մարզում են տարածվում Փամբակի, Բազումի լեռնաշղթաների, Եղնախաղի, Ջավախքի, Արագածի լեռնազանգվածների մի մասը։ Շիրակի մարզը հայտնի է տուֆի, պեմզայի, կրաքարի հանքերով։

Լրացուցիչ նյութ

Գյումրի տեսարժան վայրերը

Սուրբ Յոթվերք եկեղեցի

Եկեղեցու պաշտոնական անունը Սուրբ Աստվածածին է, բայց այն տեղացիների մոտ հայտնի է որպես Յոթ Վերք՝ ի պատիվ Մարիամ Աստվածածնի նկարի, որը այստեղ է տեղափոխվել Սուրբ Նշան եկեղեցուց։

Սրբապատկերի հեղինակը Ղուկաս Ավետարանիչն է։ Սրբապատկերը Վերին Բասենի Հասանկալա բերդաքաղաքից 19-րդ դարի երկրորդ կեսին վարդապետ Կարապետ Քոթանջյանի կողմից։ 1832 թվականին նկատի ունենալով, որ Մարմաշենի վանքը գտնվում է սահմանի մոտ, որոշվել է սրբապատկերը տեղափոխել Հառիճավանք, սակայն Գյումրի հասնելով տեղացիները չեն թողել, որ սրբապատկերը տարվի Հառիճ և այն մնացել է Գյումրիում։

Սրբապատկերում պատկերված է Սուրբ Մարիամն իր յոթ վերքերով։ Եկեղեցին պատրաստված է սև քարից։ Եկեղեցու նախկին տեղում եղել է փայտե մատուռ, որտեղ և ժամանակին գտնվել էր վերը նշված նկարը։ Եկեղեցու նկարի յոթ վերքերը հետևյալն են՝

  • Հիսուսի տաճարին հանձնելը
  • Եգիպտոս փախչելը
  • տաճարում մանուկ Հիսուսին կորցնելը
  • խաչը տանելը
  • Հիսուսի մահը խաչին
  • Հիսուսի մարմնի ստանալը
  • Հիսուսի գերեզման դնելը

 

Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի

Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի, եկեղեցի Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Կառուցվել է 1860-ական թվականներին, Անիի մայր տաճարի նմանությամբ։ Շինարարական աշխատանքներն ավարտվել են 1873 թվականին։ Շինության ճարտարապետը Թադևոս Անտիկյանն է։

Խորհրդային տարիներին այն ծառայել է որպես ֆիլհարմոնիայի դահլիճ։ Եկեղեցին մասամբ ավերվել է 1988 թվականի երկրաշարժի ժամանակ։ Այն վերականգելու թույլատրությունը եղել է 1995 թվականին։ Ներքին վերահարդարման աշխատանքները շարունակվում են։

Սուրբ Նշան եկեղեցի

Սուրբ Նշան, եկեղեցի Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Եկեղեցին կառուցվել է 1859-1864 թթ.՝ իշխան Ղահրաման Երկայնաբազուկ Արղությանցի կտակած և ժողովրդի հանգանակած գումարով։ Սկզբից այն անվանվել է Սուրբ Աստվածածին, քանի որ Աստվածամոր Յոթ Վերքերով նկարը գտնվել է այստեղ։ Բայց, երբ նախկին փայտե մատուռի տեղում` որտեղ և գտնվում էր վերոհիշյալ նկարը, կանգնեցվեց նոր եկեղեցին, եկեղեցին անվանափոխեցին։ Նոր եկեղեցին ստացավ Սուրբ Աստվածածին անունը, որն հետագայում ժողովրդի կողմից ստացավ Յոթ Վերք անունը, իսկ Երկայնաբազուկի հանգանակած գումարներով եկեղեցին վերանվանվեց Սուրբ Նշան։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

Կառուցվել է 1996–2001 թվականներին։ Ճարտարապետն է Ստեփան Քյուրքչյանը։ Կառուցումը մտահղացել է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանը։ 1989 թվականի հուլիսի 14-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն Հոգևոր խորհրդի և ճարտարապետական հանձնաժողովի համատեղ նիստում որոշվել է ի նշանավորումն Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի՝ «… մայրաքաղաք Երևանում կառուցել մի մեծաշուք եկեղեցի հայկական դասական ճարտարապետական ոճի հիման վրա, որտեղ շուրջ երկու հազար հինգ հարյուր հավատացյալներ կարողանան միատեղ աղոթել»։ 1990 թվականին Երևանի քաղաքապետարանը Մայր եկեղեցու կառուցման համար Օղակաձև զբոսայգում, Երվանդ Քոչարի փողոցի հարևանությամբ հատկացրել է 1,5 հա տարածք։

Կումայրու Բազիլիկ եկեղեցի

Կումայրիի բազիլիկ եկեղեցի, բազիլիկ եկեղեցի Հայաստանի պատմական Կումայրի քաղաքում։ Եկեղեցու կառուցումը վերագրվում VII դարին։ Եկեղեցին ունեցել է մի գմբեթ։

Եկեղեցին գտնվում է «Կումայրի» տուրիստական հանգրվանի բակում։ Պահպանվել է եկեղեցու միայն հիմքը և որոշ քանդակազարդ քարեր։

Սուրբ  Սարգիս եկեղեցի

Երևանի երբեմնի բերդի դիմաց՝ Ձորագյուղի կամ Խնկելաձորի վերևում՝ Հրազդան գետի ձախ ափին, քրիստոնեության վաղ շրջանից գործում էր մի վանք-անապատ։ Այն պարիսպներով շրջապատված մի ընդարձակ համալիր էր՝ բաղկացած Սուրբ Սարգիս, Սուրբ Գևորգ և Սուրբ Հակոբ եկեղեցիներից, առաջնորդարանի ու թեմական դպրոցի շենքերից, այգուց և այլ կառույցներից։ Սուրբ Սարգիս եկեղեցին առաջնորդանիստ էր, անապատը՝ կաթողիկոսական իջևանատեղ։

Սուրբ Սարգիս եկեղեցին վանք-անապատի հետ միասին ավերվել է 1679 թվականի մեծ երկրաշարժի ժամանակ և վերակառուցվել նույն տեղում՝ եդեսացի Նահապետ կաթողիկոսի գահակալության տարիներին (1691-1705)։

Սուրբ Հռիփսիմե եկեղեցի

Ավանդության համաձայն, Հռիփսիմեն քրիստոնյա կույսերի հետ, խուսափելով Դիոկղետիանոս կայսեր (284-305) հալածանքներից, փախչում են Հայաստան և քրիստոնեություն քարոզում, որտեղ հայոց Տրդատ Գ Մեծ արքայի կողմից նույնպես հալածանքների են ենթարկվում և սպանվում իր հավատակից 32 կույսերի հետ միասին։ Հռիփսիմյան կույսերի նահատակման տեղում Տրդատ արքան և Գրիգոր Լուսավորիչը կառուցել են վկայարան՝ կիսագետնափոր հանգստարան, վրան՝ քարաշեն չորս սյուներով ամպհովանի։ V դ. այն ավերել են պարսիկները, Սահակ Պարթևը կառուցել է նորը։ Եկեղեցին հիմնադրվել է այդ վայրում 618 թ-ին Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսի կողմից։ Ավագ խորանի արձանագրությունում կաթողիկոսն իրեն անվանել է «Շինող սրբոյ Հռիփսիմեի»։

Սուրբ Հակոբ եկեղեցի

Կառուցվել է 1679 թվականի երկրաշարժի ժամանակ կործանված եկեղեցու տեղում՝ թիֆլիսաբնակ քանաքեռցի մեծահարուստ Հակոբջանի միջոցներով։ Սուրբ Հակոբ եկեղեցու արևմտյան պատին փորագրված է ՌՃԽԴ (1695), որն էլ եկեղեցու կառուցման տարեթիվն է համարվում։

1868 թվականին եկեղեցուն կից սկսել է գործել Սահակ Պարթևի անվան թեմական դպրոցը, որը ստեղծվել էր Մեսրոպ Վարդապետ Սմբատյանցի ջանքերով։ Սուրբ Հակոբ եկեղեցին եռանավ բազիլիկ է՝ աղոթասրահում երկու զույգ մույթերով, արևելյան կողմից՝ Ավագ խորանով և դրան կից զույգ ավանդատներով։ Եկեղեցու արևմտյան ճակատին տեղ-տեղ ագուցված են 1504, 1571, 1621 թվագրություններով գեղաքանդակ խաչքարեր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով